Նախագծերով առաջարկվում է վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներն ու չափերը։
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններով նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել համապատասխանաբար 40 և 30 տարի ժամկետներ։ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ներկայացված նախագծերով առաջարկվում է վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներն ու չափերը։
ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն նախագծերի փաթեթը լրամշակվել է։
Հստակեցվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու վերաբերյալ դրույթները, նոր խմբագրությամբ են շարադրվել եզրափակիչ մասն ու անցումային դրույթները` առավել հստակ ամրագրելով օրենքի առանձին կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամանակահատվածները։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հայտնեց, որ նախագծում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու մեխանիզմում փոփոխություններ կատարվել են, թե ոչ։ Նախագծով ներկայացվում է, որ օրենքի ուժով նման կարգավիճակ ստանում են ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը։
«Եթե հետագայում պարզվի, որ նշված պաշտոնատար անձինք, օրինակ, չեն համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված որոշակի պահանջների, արդյոք նրանց այդ իրավունքը կկասեցվի։ Ենթադրենք` վարչապետը, ՀՀ կամ ԱԺ նախագահները հոգեկան հիվանդ են, ո՞նց կտիրապետեն պետական գաղտնիքին»,– նշեց Մինասյանը։
Հարությունյանը շեշտեց, որ եթե պետական գաղտնիքին տիրապետելու թույլտվություն ստացած անձինք չհամապատասխանեն որոշ պահանջների, ապա կկիրառվեն օրենքով սահմանված բոլոր այն դրույթները, որոնք նախատեսված են խախտման դեպքում։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց` չնայած իրենք («Հայաստան» խմբակցությունը) դեմ են նախագծի մի շարք դրույթների, այնուամենայնիվ հատուկ կարծիք կներկայացնեն ԱԺ լիագումար նիստում։
– –