Դատախազներին ամսական հավելում կվճարվի

Յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:

Առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաև այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում և ստացել դրական եզրակացություն. տեղեկացնում են ԱԺ-ից։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print