Մեկնարկել է Թումո ակադեմիա ծրագիրը

Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ և Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում: 

Այսօր Թումո Երևանում տեղի ունեցավ Թումո ակադեմիա ծրագրի մենկարկը։ Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն։ Ծրագիրը ներկայացրին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Թումո ակադեմիա ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը։ 

Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում և ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։ Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով և կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ: Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ և Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում: 

Թումո ակադեմիան երկրով մեկ հնարավորություն կտա իր մասնակիցներին սովորել և սովորեցնել, ձեռք բերել նոր մասնագիտություն, մնալ համայնքներում և աշխատել Թումոյի նորարարական կրթական միջավայրում: Գործարկման առաջին փուլում այն կտրամադրի ուսուցում ութ ոլորտներում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն։  Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտներում` այժմ աշխատող և մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաև Թումո Երևանի համար։

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 և ավելի տարեկան լինելն է։ Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի և առաջադրանքի փուլերը և, դրանք հաղթահարելու դեպքում, կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։ Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։ Բոլոր մասնրամասները՝ academy.tumo.org կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print