Անդրադարձ  Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին

Մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաև ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը:

Վարչապետին զեկուցվել է ոլորտում իրականացվող աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաև ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: 2021 թվականին ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 11: 2021թ. ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.՝ 9:

Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթներ են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք: ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 2 մլն 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256. աճը կազմել 54 տոկոս: Տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 269,087, իսկ 2022-ին՝ 916, 257, այսինքն՝ ընդհանուր ուղևորափոխադրումների 25 տոկոսն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից: ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները («Զվարթնոց» օդանավակայան) 2021թ. եղել է 17,321, իսկ 2022-ին՝ 23,341: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:

 Քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարների մասին խոսելիս, ընդգծվել են մի շարք ուղղություններով տարվող աշխատանքները, մասնավորապես՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի ներդրման (Q-Pulse), ավիացիոն առարկաների դասավանդողների և հրահանգիչների պատրաստման ուղղությամբ ծրագրերը: Քայլեր են իրականացվելու գործող ավիաուսումնական կենտրոնների զարգացման և ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ավիացիոն ուսումնական կենտրոնների ստեղծման, ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացման, ներքին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման և ներքին օդանավակայանների (Ստեփանավան, Գորիս) շահագործման վերականգնման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների զարգացմանն աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և ընդգծել վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետ ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, տրվել են մի շարք հանձնարարականներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print