Իրանում աշակերտուհիների զանգվածային թունավորումներ են գրանցվել

Մատնանշվում է «հանցավոր և կանխամտածված գործողությունների հավանականությունը»։

Իրանում առնվազն 650 աշակերտուհիներ թունավորվել են անհայտ թունավոր գազից։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ աղջիկները եղել են միտումնավոր հարձակման թիրախ:

BBC-ն հայտնում է, որ թունավորման հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն տասնյակ աշակերտուհիներ հայտնվել են հիվանդանոցներում՝ շնչառական խնդիրներով, սրտխառնոցով, սրտխփոցով և վերջույթների թմրությամբ։

Փետրվարի 20-ին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հրամայել է քրեական հետաքննություն սկսել Կում քաղաքի աղջիկների՝ միջնակարգ դպրոցներում թունավորման ենթադրյալ դեպքերի առնչությամբ։ 

Տեղի դատական ​​պաշտոնյաներին ուղղված նամակում նա նշել է, որ արդեն ստացված տեղեկատվությունը մատնանշում է «հանցավոր և կանխամտածված գործողությունների հավանականությունը»։

Ընդհանուր առմամբ, գազից թունավորվել են իրանական ութ քաղաքների աշակերտուհիները, իսկ ամենից շատ դեպքերը գրանցվել են Կում քաղաքում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print