Արագած լեռան լանջին կստեղծվի նոր համալիր

Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ եւ ընդհանուր առմամբ՝ ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։

Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի,  որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։

«Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց,  որ կառուցվելու է  նաեւ լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն․ «Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ և 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ և ընդհանուր առմամբ՝ ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»։ Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print