Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դրել պարարտանյութ ներմուծող ընկերություններին։ Նրանց ապրանքը մեծ խմբաքանակներով կանգնած է մաքսային պահեստներում, եւ սա տեղի է ունենում գարնանամուտին, երբ գյուղատնտեսության պարարտանյութի պահանջարկը գագաթնակետին է հասնում։ Բանն այն է, որ ՍԱՏՄ պետը հրաման էր ստորագրել, որով պարտադրել է պեստիցիդ պարունակող պարարտանյութ ներմուծողներին՝ լրացուցիչ տեղեկություն հայտնել բերվող ապրանքի մասին՝ նշել, թե որ գործարանում, որ արտադրողից է այն ձեռք բերվել։
ՍԱՏՄ պետն այս թեմայով հատուկ ժողովի է հրավիրել ներմուծողներին եւ հայտնել, որ այսուհետ գործելու է նոր կարգը, սակայն նրանք, որոնց ապրանքը դեռ ճանապարհին է, կամ ովքեր կանխավճար են մուծել, նրանց մաքսային ձեւակերպումները կարվեն նախկին կարգով, իսկ նոր հրամանը կտարածվի նոր խմբաքանակ բերողների վրա։
«2022 թվականի դեկտեմբերի 1-ին մեզ զանգահարեցին ՍԱՏՄ կառույցից ու հրավիրեցին ժողովի։ Ժողովի ժամանակ մեզ՝ թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 կազմակերպությունների ներկայացուցիչներիս հայտնեցին, որ ապրիլին արձակված համար 426-Ա հրամանը էլ չի գործում, իսկ փոփոխված հրամանում ՀՀ-ում օգտագործման համար նախատեսված ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ցանկում ավելացել է նոր սյունակ, որում նշվում է տվյալ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտադրող կազմակերպության անունը։ Այդ հրամանի պահին մեր ապրանքն ամբողջությամբ եղել է արտադրված եւ գումարն ամբողջությամբ փոխանցված։ Ժողովի ընթացքում ՍԱՏՄ պետի տեղակալ Նարեկ Հայրապետյանը խոստացավ, որ մեզ կթույլատրվի ապրանքի ներմուծում, սակայն այժմ մեր ապրանքները մաքսային պահեստում են, մաքսայինը դրանք չի մաքսազերծում՝ պատճառաբանելով, թե իրենց պետք է միայն ՍԱՏՄ թույլտվությունը։ Դիմել ենք ՍԱՏՄ եւ ստացել ենք մերժում»,- պատմում է գործարարներից մեկը, որը որոշել է այլեւս թունաքիմիկատների ներմուծմամբ չզբաղվել։
Մեր հարցին, թե արդյոք չե՞ն կարող նշել արտադրողների անունները, նա պատասխանեց, որ այդ ապրանքները Հայաստանում չեն գրանցում։ «Չեն գրանցի այդ ապրանքները։ Մենք, օրինակ, Չինաստանում աշխատում ենք մի քանի գործարանների հետ։ Որովհետեւ մի ապրանքի գինը թանկ է, մյուսինը՝ էժան։ Որպեսզի մենք երկու առանձին գործարանների արտադրանքը չգրանցենք, քանի որ չի եղել նման պահանջ, մեկ արտադրանք ենք գրանցել, որը բերում ենք տարբեր գործարաններից։ Ու բոլոր 12 կազմակերպությունները նույնն են արել։ Հիմա մենք ասում ենք ՍԱՏՄ-ին՝ լավ, հիմա ձեր հրամանին չի համապատասխանում, գրանցեք նաեւ այս արտադրանքը, բայց չեն գրանցում ու վերջ։ Դեկտեմբերից այդ հարցը կանգնած է մեր եւ եւս 12 կազմակերպությունների առաջ, եւ հիմա մեր բոլորի ապրանքները կանգնած են։ Մենք սրանում ոչ թե որակի վերահսկողություն ենք տեսնում, այլ մրցակիցներին վերացնելու փորձ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։
Փորձեցինք հասկանալ, թե ով է ներկրողների մրցակիցը, ով է կառավարությունում առնչվում թունաքիմիկատների ներմուծմանը, եւ գտանք վարչապետ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականին՝ Ալեքսանդր Ավետիսյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նա է կառավարությունում զբաղվել թունաքիմիկատների ներմուծումն ավելի խիստ վերահսկողության ենթարկելու հարցով եւ ինքն էլ առնչություն ունի թւնաքիմիկատների ներկրման հետ։ Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Ավետիսյանը չհերքեց, որ զբաղվում է գործարարների առաջ ծառացած խոչընդոտներով։ «Այո, դա խնդիր է, ես դրանով զբաղվում եմ, ամեն ինչ անում եմ, որ դա լուծվի»,- ասում է վարչապետի խորհրդականը, սակայն թե կոնկրետ ինչ է անում թունաքիմիկատ ներմուծողներին պատային իրավիճակից հանելու համար, հրաժարվեց պատասխանել՝ պահանջելով գրավոր դիմում։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում
– –