Միջադեպ` ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառողի միջև. Նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու միջև։

Radar Armenia-ի հետ զրույցում Աղազարյանը տեղի ունեցածից որոշ մանրամասներ ներկայացրեց։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իր մեքենայով փակել է երթևեկելի մասի մի հատվածն ու առևտուր արել․ «Ես նրան ասեցի, որ կարող է ընդամենը 3 մետր այն կողմ առևտուր անել՝ ճանապարհից դուրս։ Հարցրեցի՝ ինչու չեք այնտեղ անում։ Հենց այդպես էլ սկսվեց»,- պատմեց պատգամավորը՝ հավելելով, որ ոչ թե ինքն է դիմել ոստիկանություն, այլ ոստիկաններն են տեսել և մոտեցել։

Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ հայտարարություն է տվել կատարվածի առնչությամբ. «Դեռ ցուցմունք չեմ տվել։ Երևի կհրավիրեն ցուցմունք տալու»։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

ՔԿ-ից էլ փոխանցեցին, որ պատգամավորից հաղորդում է ստացվել միջադեպի վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Պատգամավորը ճանաչվել է տուժող, մեկ անձ ձերբակալվել է։ Դեպքի ամբողջական հանգամանքները կպարզվեն քննությամբ։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print