Մայր Տաճարն իր դռները կբացի տևական դադարից հետո

Ավարտվել է  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ․դ․Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ կատարեց երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին: Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ  կարևորվեց համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ։  Ծանուցվեց,  որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակությամբ արձանագրեց, որ տևական դադարից հետո Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի: Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց, որ արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար ձևավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական ոլորտների աշխատանքները։

Գերագույն Հոգևոր Խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված տեղեկությունը և ծրագրեց Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունները և հարակից  միջոցառումները կազմակերպել ս. թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նախատեսված հոգևոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։ Նշվեց նաև, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը: Նաթան Սրբազանը տեղեկացրեց, որ ի նշանավորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ:  Սրբազան Հայրը նշեց նաև, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ներառել է հատուկ նշվող տոների շարքում: Ժողովականները ծանոթացան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի գործունեության տեղեկագրին: Արձանագրվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիվը 721 է՝ 49 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգևոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։ Կարևորությամբ անդրադարձ կատարվեց 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական աջակցության և օժանդակության ծրագրերին։

Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետևանքով Արցախից և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր: Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։  

 Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print