Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 18,2 մլն դրամ է ստացել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, թե որքան աշխատավարձ է ստացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։

Նախորդ տարեվերջին Արթուր Դավթյանը 18,2 մլն ՀՀ դրամ ստացավ իր փայլուն մրցելույթների համար՝ 10 մլն ՀՀ դրամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, 3,2 մլն ՀՀ դրամ՝ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելու համար, 5 մլն ՀՀ դրամ՝ որպես տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը։ Բացի այդ, հաջող մրցելույթների համար, ինչպես նաև Փարիզի օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար մարզիկը ստանում է ամենամսյա վճարներ՝ ավելի քան մեկ միլիոն դրամ։

Խրախուսման այս քաղաքականությունը գործում է նման հաջողություններ գրանցող մեր բոլոր մարզիկների համար՝ նպատակ ունենալով ստեղծել պայմաններ՝ միայն իրենց մարզավիճակի վրա կենտրոնանալու և լավ արդյունքներ գրանցելու համար։

Ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները՝ ցանկանալով նմանվել մարզիկներին։ Դրանով մեր մարզիկները ոգևորում են մեր երեխաներին, նրանց առաջ մղում դեպի իրենց երազանքներն ու նպատակները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print