Արբեջանական զինուժի այսօրվա դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նրանք են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին՝ առանց նրանց թիվը հստակեցնելու։
Ըստ Արցախի ոստիկանության՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։
Արցախից հերքում են ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տեղեկությունը, մասնավորապես պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի ոստիկանական կետը, և որ մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը երեկ հայտնել էր Մարտունիի և Շուշիի շրջանում հրադադարի խախտումների մասին:
Ըստ Արցախի ՊՆ-ի՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
– –