Սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Փաստերը վկայում են, որ սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է: Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը:

Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացնել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում: Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:

Ադրբեջանի նշյալ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ Բաքվի անկեղծության գործնական հերքումն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print