Երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Մինչեւ քննությունները մենք սպասում էինք, որ արդյունքները ավելի ցածր կլինեն, քան նախորդ տարվա հունիսին եւ այդպես էլ եղավ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի արդյունքներին:
«Երեխաների մեծ մասը դեռ չի ավարտել դասընթացի ծրագրային նյութը եւ չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ: Իսկ թեստերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա: Ինչպես գիտեք, ամենաշատ դիմորդները եղել են անգլերենի քննությանը: Մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15,7 տոկոսը: Որպես կանոն անգլերենի գնահատականը միշտ եղել է բարձր, համեմատած հայոց լեզվի: Մեզ համար հաճելի անկանկալ էր «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր: «Կենսաբանության» գնահատականը 13,1 էր, բայց 14,3 տոկոսը չի հաղթահարել դրական շեմը: «Աշխարհագրության» գնահատականը եղել է 14,1»,-ասաց Նասիբյանը:
Նրա խոսքով, «Քիմիայից» 37 տոկոսն ստացել է անբավարար գնահատական, «Ռուսաց լեզվից» 29,5 տոկոսն ստացել է անբավարար գնահատական եւ «Մաթեմատիկայից» 27,5 տոկոսը:
«Մասնակիցներից առավել շատ 18-20 միավոր ստացել են «կենսաբանությունից», «հայոց պատմությունից» եւ «աշխարհագրությունից»: Մասնավորապես, «հայոց պատմությունից» 29,7 տոկոսը ստացել է 18-ից բարձր միավոր եւ «կենսաբանությունից» 21 տոկոսն է ստացել 18-ից բարձր միավորներ: Ընդհանուր առմամբ 10817 դիմորդ-քննությունից անբավարար է եղել 2376 դիմորդի քննությունը եղել է անբավարար»,-ասաց Նասիբյանը:
Նա կանխատեսեց, որ ձմեռային քննությունների մասնակիցների մեծ մասը ամռանը եւս կհանձնի քննություններ եւ նախորդ տարվա ամառային քննության համեմատ միջին գնահատականները ավելի բարձր կլինեն:
Նշենք, որ բուհերի ընդունելության ձմեռային փուլի քննություններին դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։
Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: