«Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։
«Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու համար 5 անձի է մեղադրանք առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնահատելու համար կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը)։
Փորձագետներից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: «Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և երկրից բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ երկրից բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը` 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Նշենք, որ «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։ Փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
– –