Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր։
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով սույն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»,- Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է նախագահը:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու»,-եւս մեկ անգամ շեշտել է Արայիկ Հարությունյանը:
–