Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Միրզոյանը` Գերագույն Իմամին

Մարտի 8-ին Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ:

Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող համագործակցության կապակցությամբ, որի լավագույն դրսևորումն էր փետրվարին Եգիպտոսի նախագահի առաջին այցը Հայաստան:

Երկուստեք կարևորվել է կրոնական ու պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչումը։

ՀՀ ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի Գերագույն Իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականութան և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:

Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները:

Իր հերթին Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print