Հայաստանը որոշել է ավելացնել Եվրասիական զարգացման բանկի կապիտալում իր մասնակցությունը։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարությունից առաջիկայում կգնի բանկի` 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դոլար արժեքով։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել առաջարկվող գործարքին վերաբերող համաձայնագրի վավերացմանը։
Դրա արդյունքում ՀՀ-ի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում ներկայիս 0,007%–ից կդառն 4,22 %:
Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ամենամեծ մասնաբաժինն ունեն ՌԴ–ն`4 .6 մլրդ, Ղազախստանը` 2.3 և Բելառուսը` 69.2 մլն դոլար։ Տաջիկստանի մասնաբաժինը կազմում է 2.1 մլն, Ղրղզստանինը` 640 000։
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թվականի ապրիլին: Հայաստանի նախնական ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Բանկի կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, որը բանկի կառավարման խորհրդում հավասարազոր է մեկ ձայնի. որքան մեծ է կապիտալը, այնքան մեծ է ձայնի իրավունքը։
Ներկայումս ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, կազմում է 13,4 մլրդ ԱՄՆ դոլար, որից 484,2 մլն ԱՄՆ դոլարը 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է ՀՀ-ին:
– –