Արդեն հայտնել էինք, որ ըստ Քննչական կոմիտեի, 66-ամյա կինը դեռևս 2009 թվականին, վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, որը նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից ենթարկել է շահագործման` տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ։ Վերջիններիս բնակության վայրում խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էին տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70․200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված է 1․299․750 ՀՀ դրամ մետաղադրամներ։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հանդիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը։
Ինչպես է տնօրինվելու հայտնաբերված գումարը․ Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։ Ըստ պատասխանի՝ մանրադրամները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով ճանաչվել են որպես իրեղեն ապացույց։ Նույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանվում է, որ իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:
Factor TV-ից խնդրել էին նաև 2022 թվականին բացահայտված թրաֆիքինգի դեպքերի քանակը նշել․ հղում անելով ՀՀ քրեական օրենսգքրի 188-րդ հոդվածին, որը վերաբերում է մարդու թրաֆիքինգին կամ շահագործմանը, ՔԿ-ից նշել են, որ այս ուղղությամբ կառույցը հաշվառում չի իրականացնում։