ՊՆ նախկին շենքի բնակիչներն ընդգծեցին` շարունակելու են իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում տրվի։
ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում ու շարունակում պահանջել, որպեսզի ժամանակավոր վերադառնան իրենց բնակարաններ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեր պահանջն անփոփոխ է։ Ակնկալում ենք, որ ժամանակավոր կվերադառնանք մեր բնակարաններ, մինչև վերջնական լուծում գտնվի։ Ես 1-2 օր առաջ եղել եմ իմ բնակարանում, ու ամեն ինչ այնտեղ ավերված է, ամեն ինչ տակնուվրա է արված։ Երեխաների շորերի վրա էլ ապակիներ էին ջարդված։ Ուզում ենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ գա ու լսի, թե մենք իրեն ինչ ենք ասում։ Ինչ–որ հանրակացարանի բանալիներ են բաժանել ու ոստիկանության միջոցով։ Թող մեզ ցուցակ տան` ում են բաժանել։ Այնտեղ (ՊՆ նախկին շենքում. խմբ.) 127 բնակարան կար, ու թող ասեն, թե ինչ առաջնահերթությամբ է արվել ամեն ինչ։ Ինչու է, օրինակ, 1 հոգուն տրվել 17 քմ տարածք, 8–հոգանոց ընտանիքին էլ է տրվել 17 քմ տարածք։ Ոստիկաններն էլ ուլտիմատումներով են խոսում»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով` կա 10–հոգանոց ընտանիք, որին 13 քմ տարածք է տրամադրվել, որտեղ անհնար է ապրել։ ՊՆ նախկին շենքի բնակիչը շեշտեց` ոստիկանությունն էլ ասում է, թե ինչպես ուզում են թող ապրեն, բայց վրաններում չմնան, այլապես դա էլ կհավաքեն։ Բնակիչներն էլ վստահեցնում են` վրանները հանելու դեպքում դրանք «կհայտնվեն» Երևանի կենտրոնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ ևս մեկ պահանջ ունեն` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը, քանի որ նա անտարբերություն է դրսևորում խնդրի նկատմամբ։
«Էդ շենքում ապրողների մեծ մասը պատրիոտ ա, պատրաստ ա կռիվ տա երկրի, էս շենքի (նկատի ունի կառավարության շենքը. խմբ.) համար։ Թողեք գնանք, մեր շենքում ապրենք։ 2027 թվին կարող ա չհասնենք, ամեն պահի կարող ա հարձակվեն մեր վրա ու էս շենքն էլ գրավեն։ Հենարան տվեք, կարողանանք ապրենք, պայքարենք»,– ասաց մեկ այլ բնակիչ։
ՊՆ նախկին շենքի բնակիչներն ընդգծեցին` շարունակելու են իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում տրվի։
– –