ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։ Նախագիծը հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
Ընդդիմադիր խմբակցությունը նման նախագիծ ներկայացնելու հիմքում դրել է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության նախկին անդամներ, այժմ փաստաբանական գործունեություն ծավալող Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի կողմից ներկայացված ենթադրյալ խախտումները։ Փաստաբանները պնդում են, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, զբաղեցնելով ՍԴ դատավորի պաշտոնը, զուգահեռ փաստաբանական գործունեությամբ է զբաղվել։
Այս մեղադրանքները Սաֆարյանները հերքում են և շեշտում, որ Սեդա Սաֆարյանը սահմանված կարգով դադարեցրել է իր փաստաբանական գործունեությունը։
Այս հարցը քննարկվելու է մարտի 20-ի հանձնաժողովի նիստում։ Գլխադասային հանձնաժողովում, եթե հավանության տան, ապա կընդգրիվի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Ըստ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի՝ անհրաժեշտ է 65 կողմ քվե, որպեսզի խորհրդարանը դիմի ՍԴ-ին Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։
Նշենք, որ ընդդիմության քվեները բավարար չեն, իսկ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԺ-ն բարձր դատարանին չի դիմելու։