Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա․ Փաշինյան

Հայաստանը բանակ չունի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, գոյություն չունենա: Եթե ԼՂ հայության ցեղասպանության վտանգ չլինի, առնվազն այդ մասշտաբով պաշտպանության բանակ ունենալու կարիք չի լինի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս վիճակում միլիարդներ են ծախսում այդ բանակը պահելու համար»,- ասաց Փաշինյանը:

ԼՂ-ում ՊԲ-ի գոյությունը, Փաշինյանի խոսքով, ամենամեծ ապացույցն է Ադրբեջանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների:

Հարցին, թե էսկալացիայի դեպքում որն է լինելու Հայաստանի դերը, Փաշինյանը պատասխանեց.

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել: Դա ստեղծվել է ՌԴ նախագահի հրամանագրով, Ռուսաստանի դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, որոնք հրապարակային փաստաթղթեր են:

Այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը և՛ եռակողմ հայտարարությամբ, և՛ քաղաքական մակարդակում: Այդ դերակատարումը պետք է կատարի ՌԴ-ն»:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print