2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ Ապա՝ 3 օր անց, Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ։ Այս հանդիպումը, սակայն, ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Երկրպագուների շրջանում խառնաշփոթ է, մի մասը ֆեդերացիային անփութության հարցում է մեղադրում։ Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՖՖ-ն հայտնելով տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի մասին՝ տեղեկացրել էր նաեւ, թե մի քանի օրից Հանրապետական ստադիոնի տոմսարկղում նույնպես վաճառք է լինելու, ինչպես միշտ է եղել, սակայն հայ ֆուտբոլասերը ստադիոնի մոտակայքից տոմս գնելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։ Բացի այս, նախախաղային ժամանակահատվածը լարված է անցնում նաեւ այլ իրադարձություններով պայմանավորված։
Հանդիպումներին մասնակցելու համար մեր հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող մի շարք հայազգի ֆուտբոլիստներ։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ինչպես հայտնի է, որոշել է այս փուլում հավաքական հրավիրել Վարազդատ Հարոյանին, ով հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիս Ֆամագուստայում», Կամո Հովհաննիսյանին ղազախական «Աստանայում», Անդրե Չալըշըրին Շվեդիայի «Բրոմապոյկարնա» ակումբում: Ժորդի Արարատին (Կոլումբիան ներկայացնող «Ինդեպենդյենտե» ակումբ), Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիրի Տիկիզյանին: Գեորգի Հարությունյանին («Կրասնոդար-2»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդարի» հիմնական թիմ), Խորեն Բայրամյանին («Ռոստով»): Էդգար Բաբայանին (Դանիայի «Ռանդերս»), Տիգրան Բարսեղյանին («Սլովան Բրատիսլավա»), Լուկաս Սելարայանին (ԱՄՆ-ն ներկայացնող «Քոլամբուս Քրյու» ակումբ): Ժիրայր Շաղոյանին («ԲԿՄԱ Սոֆիա»), Սարգիս Ադամյանին («Քյոլն») եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին («Բոկա Խունիորս»)։
Լեոնիդ Բուրյակը, ով նախկինում գլխավորել է Ուկրաինայի հավաքականը, քննադատություն է հնչեցրել Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի հասցեին, ինչը քննարկման մեծ առիթ է դարձել մարզաշխարհում։ Բուրյակը քննադատել է Պետրակովին՝ Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի հավաքական ֆուտբոլիստներ հրավիրելու համար։ «Ես այս ամենից պարզապես շոկի մեջ եմ։ Չեմ էլ կարող բացատրել՝ Պետրակովի որոշումն ինչով է պայմանավորվում։ Իրականում կան հայ այլ ֆուտբոլիստներ, որոնք, Ռուսաստանի առաջնությունից բացի, խաղում են նաեւ այլ երկրների ազգային առաջնություններում»,- ասել է Բուրյակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երեկ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ «Հրապարակը» մի քանի հարց է հնչեցրել, այդ թվում` ֆուտբոլի վերաբերյալ, հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանի հավաքականը գտնվում այսքան անմխիթար վիճակում, արդյոք սրա պատասխանատուները հենց ՀՖՖ ղեկավարները չե՞ն, որոնցից մեկը ժամանակին, որպես մարզական լրագրող, աշխատում էր Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ժամանակին պնդում էր, թե ակնկալում են, որ մինչեւ 2050 թվականը ՀՀ ֆուտբոլի ընտրանին դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ «Եթե ուզում ենք ֆուտբոլի արդյունքները պոզիտիվ լինեն, ապա պիտի ներդրումներ անենք մանկապատանեկան ֆուտբոլի մեջ։ Այսօր թե՛ ֆեդերացիան, թե՛ կառավարությունը հենց այդ ճանապարհով էլ գնում են։ Հայաստանը տասնյակ միլիարդների ներդրումներ է կատարում առհասարակ սպորտի ոլորտում»,- պատասխանել է Փաշինյանը «Հրապարակի» հարցին՝ այդպես էլ չանդրադառնալով մեր բուն հարցին եւ չասելով, թե ինչ հաշիվ է կանխատեսում Հայաստան-Թուրքիա խաղի համար։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում