Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում

Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում համաձայնություն տվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար:

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի գրությունը, որով վերջինս առաջարկում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում:

Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, որտեղ այս պահին Ռոդենի հեղինակած արձանն է: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի արձանը կտեղափոխվի Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:

«Ներկայումս Ռոդենի քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով ուսումնասիրել ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով: Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով՝ հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը»,- հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print