Տեսակցության եկած կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

Ըստ այդմ՝ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած վերոնշյալ քաղաքացուհին ենթարկվել է անձնական խուզարկության:

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է 9 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին, ափիոն, մեթամֆետամին տեսակի թմրանյութերին նմանվող, համապատասխանաբար՝ 9.17, 3.24 և 2.61 գրամ ընդհանուր քաշերով զանգվածներ, ինչպես նաև՝ 2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և 6, 17 գրամ սպիտակ, փոշենման զանգվածներ:

Քաղաքացուհին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print