Վալերի Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դատական հայց կներկայացնի համալսարանի ժամանակավոր երեք հոգանոց խորհրդի դեմ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակոպյանը։
«Հենց իշխանության արած փոփոխությունների համաձայն՝ ռեկտորի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում դրանք անում է պրոռեկտորը։ Ես այս մասով եմ դիմելու դատարան»,- նշեց Ակոպյանը։
Հիշեցնենք` Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչին դեմ են ուսանողների եւ դասախոսների մեծ մասը։