ՊԵԿ-ը նախապատրաստվում է «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
««Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար», – նշված է պատասխանում։
Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել մաքսային հսկողության գործընթացն իրականացնելու համար՝ հեռանկարում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում։
«Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ մաքսային հսկողության գործընթացն ապահովելու համար», – ասել են ՊԵԿ–ից։
Նշենք, որ խոսքը մաքսատան շենքի և սահմանին հարակից այլ կիսակառույց ենթակառուցվածքների մասին է։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը վերջերս այցելել է պահպանվող տարածք։ Մեր ֆոտոշարքում կարող եք տեսնել՝ ինչ վիճակում է ենթակառուցվածքը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Թուրքիայի հետ սահմանի կամուրջներն ու ճանապարհները պիտանի են շահագործման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print