Չկա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ոչ մի կետ, որը Բաքուն չի խախտել․ Միրզոյան

Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

«Ցավոք, իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի բարձր մակարդակի ագրեսիվ հռետորաբանության և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքներով, ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, եռակողմ հայտարարությունների շրջանակներում պարտավորությունների խախտումները, ինչպես նաև դեպի ԼՂ էներգառեսուրսների մատակարարման նպատակային խափանումները հարցեր չեն թողնում, որ պաշտոնական Բաքուն դրդապատճառներ ունի ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համար»,– ասաց Միրզոյանը։

Միրզոյանն ընդգծեց, որ այս ֆոնին առանձնանում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հրամայականությունը, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակումը 3 երկրի ղեկավարների հայտարարությանը խիստ համապատասխան, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ չկա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ոչ մի կետ, որը Բաքուն չի խախտել ՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, Հայաստանի տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելուն խոչընդոտում։

«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը»,- ասաց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանն այսուհետև ևս պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print