Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ տեղեկացնում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը:
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:
Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ: Ողջունում ենք Եվրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:
Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է:
Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը:
Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»: