Ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման,  զտարկման համար կստեղծվի նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը․ փոխնախարար

Առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջեւ. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է։

ՀՀ կառավարությունը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Հարկային օրենսգրքում:  Օրենսդրական նոր կարգավորումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածքի հետագա վերամշակման, այդ թվում՝ զտարկման համար նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործող կարգավորումներով ոսկու խտանյութի, նաեւ համաձուլվածի (դոռե) օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Այսինքն՝ այդ գործարքի նկատմամբ կիրառելի են Հարկային օրենսգրքի կարգավորումները. ազատված գործարքին վերագրվող ԱԱՀ-ի դեբետային գումարները (գործարքին վերագրվող ձեռքբերումների գներում ներառված գումարները)՝ որպես մատակարարներին վճարված ԱԱՀ գումարներ, հաշվանցման ենթակա չեն եւ պետք է սահմանված կարգով միացվեն այդ ապրանքների ինքնարժեքին: Գործող օրենսդրությամբ այդ խտանյութը կամ համաձուլվածքը՝ դոռեն, Հայաստանից արտահանելու հնարավորություն կա:

 «Ընդհանուր սահմանված կանոնի ներքո հետ ստանալ արժեշղթայի նախորդ օղակում վճարված ԱԱՀ-ն, ոսկու զտարկումը կազմակերպել արտերկրում, այնուհետ զտարկված ոսկին ներմուծել ՀՀ, որը տվյալ դեպքում ԱԱՀ-ով հարկման ենթակա չէ»,-նշել է փոխնախարարը։

Ըստ նրա՝  առկա է անհավասար միջավայր երկու մոդելների միջեւ. համաձուլվածքի զտարկումն արտերկրում կազմակերպելը տնտեսապես ավելի ձեռնտու է․ «Դոռեի օտարումը շարունակվում է համարվել ԱԱՀ-ից ազատված գործարք, բայց հնարավորություն է տրվում դրա ստացման նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել եւ ըստ այդմ՝ հարկային միջավայրը համապատասխանաբար հավասարեցնել այն նույն վիճակին, որն ունեն տնտեսվարողները, եթե ընտրել են դոռեն արտահանելու, արտերկում զտարկում կազմակերպելու եւ պատրաստի ոսկին ներմուծելու ճանապարհը»։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print