Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով։
Չնայած Հայաստան – Ադրբեջան բանակցություններին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է:
Այսօր այս մասին ԱԳ նախարարը հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին:
«Իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր կատարման են ենթակա: Իսկ չկատարման դեպքում պետք է դրանից հետևանքներ բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգն ընդհանրապես չի աշխատի:
ԱԳ նախարարը պատասխանեց նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե ի՞նչ քննարկումներ են եղել ԵՄ եւ միջազգային այլ գործընկերների հետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։
«Առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, որոշումը հրապարակային է, առաքելությունը` քաղաքացիական: Հայաստանի համար այս առաքելությունը եւս մեկ կարեւոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:
–