ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թալիշում Իլհամ Ալիևի ելույթին՝ այն որակելով ագրեսիվ․ «Թալիշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է։ 2020-ի պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է»։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրություններն ու հարցը համարել լուծված։ Փաշինյանը հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերաբերում է փախստականների վերադարձին։