Ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերահսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև, ռուսական «ՈՒԱԶ» մակնիշի ամենագնացը՝ ռուսական դրշով և խաղաղապահի տարբերանշանով մուտք է գործել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք, որից հետո մեքենայի վրա ադրբեջանցիների կողմից կրակ է բացվել, ինչի հետևանքով ռուս երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ, և տեղափոխվել Գորիսի ԲԿ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Երեկ հայտնի դարձավ, որ զինծառայողը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Սյունիքի մարզպետարանն էլ հայտնել էր, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։