Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ

Նիդեռլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ֆեյսբուքյան էջից։

Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:

Նիդեռլանդների արտգործնախարարը խմբակցություններին ուղղված նամակում ընդգծել է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, ինչի կապակցությամբ էլ Նիդեռլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:

Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդեռլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:

Նիդեռլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print