Ապրիլի 15-ից վարժական հավաքներ կանցկացվեն

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ԶՈւ–երում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հերթական հավաքներ։

Կառավարության նիստում այսօր ընդուված որոշմամբ սահմանվում է, որ վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Հավաքների անցկացման նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։

Կառավարության այսօրվա նիստում հավանության  է արժանացել նաև վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը պահպանելու մասին «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80 հազար դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120 հազար դրամ։

Այսպիսով՝ նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print