Միրզոյանի խոսքով սկսած 2022թ. դեկտեմբերից Հայաստանը փոխանակել է պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար։
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Այս մասին եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը», – ասել է Միրզոյանը:
Պատասխանելով խաղաղության պայմանագրին վերաբերող հարցին՝ արտգործնախարարն ասել է. «Սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար։ Հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը», – ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով, որ ցավոք, ի պատասխան Հայաստանի ջանքերի՝ ականատես ենք լինում ոչ միայն բանակցությունների ժամանակ Ադրբեջանի կողմից մերժողական և առավելապաշտական մոտեցմանը, այլ նաև ագրեսիվ գործողություններին: