Ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար

Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։

 Այնինչ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ:

Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։

Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print