Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն չարաշահելու մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը, հայտնում է Դատական իշխանություն տելեգրամ ալիքը:
Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն չարաշահելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:
Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:
Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:
Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով իրականացվում է քաղաքական հետապնդում եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ:
«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին եւ վաստակը նշելով, եւ նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,- գրել էր նախկին նախարարը: