ԱՄՆ-ն Բաքվին մտահոգություն է հայտնել՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին։

ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանթ Փաթելը այս կապակցությամբ հայտնել է.

«Պետքարտուղարի տեղակալ Քերան Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print