«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում: Մասնավորաբար, նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները և դրանց շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։
Նախարարությունը կարծում է՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:
Պատվավոր կոչումների չեղարկման մասով ներկայացվում են նաև հիմնավորումներ: Օրինակ՝ մշակույթի և արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:
Կամ՝ վաստակավոր լրագրող կոչումը չի կարող հանդիսանալ լրագրողի աշխատանքի գնահատման կարևոր պայման, քանի որ վերջինիս գլխավոր առաքելությունն է հանրությանը ժամանակին, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, հետևաբար՝ լրագրողի գործունեության գնահատման հիմքում ընդհանուր առմամբ պետք է դրվեն հանրության կողմից նրա պատրաստած լրատվական նյութի բովանդակությունը, արծարծվող հարցերը խորությամբ, անաչառ և համապարփակ ներկայացնելու ունակությունը, մինչդեռ տվյալ կոչման առկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում լրատվության ոլորտում գործող լրագրողների գործունեության համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։