Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում։
«Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայի շուրջ վնասակար քննարկումները կդադարեն և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»,- ասել է դիվանագետը:
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաև, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։
«Մեր կողմից վերահաստատում ենք պատրաստակամությունն իրականացնելու, Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծով նախատեսված աջակցության այլ միջոցներ»,- ընդգծել է նա։
Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունը սկսել է ինտենսիվ գործընթաց՝ իրագործելու այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ։
«Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու հարցում ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- հավելել է դիվանագետը։