Քաղաքացիներն առցանց ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները․ ԿԲ նախագահ

Պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ԱՊՊԱ-ն պետք է իրականացվի մրցութային կարգով։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ԱՊՊԱ-ն պետք է իրականացվի մրցութային կարգով։ Երբ մենք հետազոտել ենք, տեսել ենք, որ կան պրոբլեմներ, որովհետև ի սկզբանե սահմանված են գները, և շուկայական մոտեցում չկա։ Դրանից հետո իմ կողմից հանձնարարվել է կառուցակարգերը բարեփոխել այնպես, որ ավտոապահովագրությունը տեղի ունենա բացառապես մրցութային կարգով։ Այս ճանապարհին մենք բավական լուրջ որոշումներ ենք կայացրել, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ամենակարգապահ քաղաքացիները»,-ճնշեց վարչապետը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ որոշ մանրամասներ ներկայացրեց ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող որոշումից. «Ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ-ի ազատականացված սակագների համակարգին։ Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդ փուլն է, որովհետև կարծում ենք, որ բյուրոն, թե տեխնիկապես, թե կարողությունների տեսանկյունից, պատրաստ է ազատական համակարգի անցմանը»։

Ըստ ԿԲ նախագահի՝ ավտոսեփականատերերի համար լինելու է իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում։ Ըստ Գալստյանի՝ քաղաքացիներն առցանց ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկներն ու ընտրել լավագույն գին-որակ հարաբերակցությունը. «Նախնական տվյալներով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար գրեթե չեն փոխվի, 23%-ի համար գները կթանկանան։ Սա վերաբերում է ոչ թե բոնուս-մալուսի կիրառմանը, այլ՝ բազային պայմանագրին»,-ընդգծեց Գալստյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print