Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, եթե 2022 թ հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 22հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է, ինչն իր հետ բերում է լրացուցիչ արդյունք, այդ թվում՝ ստվերի կրճատման։
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի տեմպը շարունակում է աճել.
«Օրինակ փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թ. այս ցուցանիշը ըստ էության ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսի աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել և նաև փետրվարի համար մենք այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առևտուրն իրականացնող կենսաթոշակառուներին։ Նաև պետք է արձանագրեմ հետևյալը, որ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, եթե 2022 թ հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 22հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է, ինչն իր հետ բերում է լրացուցիչ արդյունք, այդ թվում՝ ստվերի կրճատման»։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ անդրադառնալով անկանխիկ առևտրի ծավալներին, նշել է, որ 2022թ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների վճարների ընդամենը 1,8 տոկոսն է արվել անկանխիկ եղանակով․ «Այս պահի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ։ Ընդհանուր վճարային քարտերով իրականացված անկանխիկ վճարումների հետ կապված մի թիվ նշեմ․ Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումները անցած տարվա ընթացքում կազմել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավելի է: Այսինքն՝ անկանխիկ գործառնությունները, որոնք իրականացվել են հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով, մոտավորապես 60 տոկոս աճել են»։
–