Հարկ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները․ Մ․ Զախարովան՝ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին

Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակով շփումների ընթացքում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր շաբաթական ճեպազրույցում  անդրադարձել է Հռոմի ստատուսին Հայաստանի միանալու հարցին։

Նա նշել է, որ այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակով շփումների ընթացքում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում։

«Հարկ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Իհարկե, ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ փոխադարձ ընդունելի ձեւով»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է «Սահմանադրությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում ամրագրված պարտավորությունների համապատասխանության հարցը լուծելու մասին» որոշումը։

Ըստ ՍԴ-ի՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության հետադարձ ընդունման մասին հռչակագրով սահմանված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հայաստանի կառավարությունը 2022 թվականի վերջին այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Ստատուտի ճանաչման հարցին դիմելը, ըստ կառավարության, պայմանավորված է նրանով, որ հնարավորություն կա Ադրբեջանին պատասխանատվության կանչել ռազմական հանցագործությունների համար։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը այն չի վավերացրել, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը պայմանագրի պարտավորությունները հակասող է ճանաչել ՀՀ այն ժամանակ գործող Սահմանադրության մի շարք դրույթներին։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու որոշում էր կայացրել։ Նրանց կասկածում են Ուկրաինայից երեխաների անօրինական դուրս բերելուն մասնակցության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print