ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։
Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը։
Տիկին Կավիտա Բելանին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց իրավիճակն ու նրանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ընդունող համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները, դիմակայունությունն ու առկա կարիքները։
Կողմերն անդրադարձել են նաև համայնքների հզորացման և համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, այդ համատեքստում ընդգծելով գործողությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ տիկին Բելանին և ՏԿԵ նախարար Սանոսյանը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններն ու անհրաժեշտ պրակտիկ քայլերը։