Դիրքային առումով ճշտումներ դեռ կան անելու, վերջնական համաձայնություն այս պահին դեռ չկա. Կոռնիձորի համայնքապետ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ճշգրտման աշխատանքները շարունակվում են, այս պահին դեռ վերջնական համաձայնություն չկա կողմերի միջև, Factor.am-ին փոխանցեց Կոռնիձոր համայնքի ղեկավար Արշակ Կարապետյանը։

«էս պահին թեև հանգիստ վիճակ է, բայց դիրքային առումով ճշտումներ դեռ կան անելու։ Վերջնական համաձայնություն այս պահին դեռ չկա»,- հայտնեց համայնքի ղեկավարը՝ շեշտելով, որ ճշգրտումները կապված են ադրբեջանական կողմի առաջ գալու հետ։

Այլ մանրամասներ Արշակ Կարապետյանը չհայտնեց։ Տեղ համայնքի ղեկավարը թեմայի հետ կապված առհասարակ մեկնաբանություն չտվեց։

Հիշեցնենք ՝ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայնտել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Ավելի վաղ՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print