Վարորդներից մեկն է նկատել փոշու ամպ և զեկուցել, որից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մանրամասներ ներկայացրեց մի քանի օր առաջ մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզումից, որի պատճատով մետրոն մասնակի էր սկսել աշխատել։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, որը, մեծ հավանականությամբ, կարող էր զոհերի պատճառ դառնալ։
«Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Շատ մասնագետներ իրենց ոլորտին իմիջիայլոց են վերաբերվում, և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,- ասաց փոխքաղաքապետը։
Ավինյանը «ԳԱՍԿ» հասարակական կարգի պահպանության տվյալ շրջանի ներկայացուցիչներին հանձնարարեց ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։