Աշոտ Փաշինյանը հերքում է Ալեն Սիմոնյանին, իսկ վերջինս էլ հրաժարվում է մեկնաբանել վարչապետի որդու հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,-նշել է նա:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել վարչապետի որդու հայտարարությունը, որտեղ նա հերքել էր, թե իր նկատմամբ որեւէ բնույթի հարձակում է եղել:

Հարցին, թե սա ինչ է նշանակում, նա արձագանքեց. «Սա նշանակում է, որ որեւէ բան չի փոխվել, սադրանքները… Չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»:

News.am-ը տեղեկացնում է նաև, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։

«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»,- նշել էր նա:

Ըստ էության, Սիմոնյանը գրառումը ջնջել է «Հայկական ժամանակ»-ում Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա, փաստացի, հերքել է Սիմոնյանի գրառումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print