ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած թեկնածուներին, բանավեճ սկսվեց հանձնաժողովի ՔՊ–ական անդամների և հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջև։
Հայտնել էինք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի։ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»–ը` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունը, որից հետո ՔՊ–ական Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է գրել Ղազարյանի ինքնակենսագրականի տեքստը` հավելելով, թե այն նարցիզմով տառապող մարդու տեքստ էր։
Թովմասյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն ինքն է գրել կենսագրականի տեքստը։
Էդգար Ղազարյանն ինչ–որ ռեպլիկ թողեց, որը չլսվեց, և դրանից հետո հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը Թագուհի Թովմասյանից պահանջեց ապահովել նիստի բնականոն ընթացքը։
«Էս ում եք բերել ԱԺ, սա խայտառակություն է։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում` այս ծաղրածուին ԱԺ ուղակելով»,-ասաց նա, հետո հավելեց. «Հավաքեք ձեր թեկնածուին, քանի որ դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Եթե հետևեք իմ օրինակին, ապա կլինեք լավ և սիրված պատգամավոր։ Սակայն դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք և դավաճանեցիք մեր թիմը»։
Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ պետք չէ իրեն սպառնալ և առաջին հերթին Հովհաննիսյանն ինքը պետք է օրինակելի պատգամավոր դառնա.« Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր խոստումներն ու արժեքները, որով եկել եք իշխանության»։
ՔՊ–ական Հովիկ Աղազարյանն էլ միջամտեց` ասելով, որ եթե Թովմասյանը նիստը չվարի ինչպես հարկն է, կարող են նրա անվստահության հարցը բարձրացնել։
Նշենք, որ նիստը շարունակվում է։