Բայրամովը վերահաստատել է Ղարաբաղում բնակվող հայերին վերաինտեգրելու Ադրբեջանի վճռական դիրքորոշումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն  ընդունել է Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր ներկայացուցիչ Բիկ Լումին, գրում են տեղական լրատվամիջոցները։ 

Հանդիպմանը Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին հասարակությանը վերաինտեգրելու հարցում։ Բացի այդ նա, ինչպես միշտ, կեղծիքներ է հնչեցրել Հայաստանի վերաբերյալ։

«Նշվել է, որ չնայած Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին, Հայաստանը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները։ Ընդգծվել է միջազգային կազմակերպություններին սեփական նպատակների համար օգտագործելու՝ հայկական կողմի փորձերի անընդունելիությունը, որոնց առաքելությունները թույլ չեն տրվել  Ղարաբաղում օկուպացիայի տարիներին»,-ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Այս ամենով պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի խոչընդոտման քաղաքականությունը շարունակելու է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print