Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում, որոնք սոցիալական առումով դրական ազդեցություն կունենան բնակչության համար:
««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին «Փոստային կապի մասին» օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Այսօր հարցն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Փոստային կապի մասին» օրենքում առկա մի շարք հասկացություններ` դրանք համապատասխանեցնելով Համաշխարհային փոստային միության ակտերին և Եվրոպական միության փոստային կանոնակարգին:
Հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրմամբ են սահմանվել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, դրանց մատուցման որակի չափանիշները, լիազորող նորմեր են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար:
Փոխնախարարի խոսքով` առաջարկվում է նաև փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման և որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես, 90-օրյա ժամկետն առաջարկվում է փոխարինել 80 աշխատանքային օրով` ելնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունից:
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների և փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում, որոնք սոցիալական առումով դրական ազդեցություն կունենան բնակչության համար:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
–